Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Պորտուգալական հուլիսի 10՝ չորս տարվա երաշխիքով

Պորտուգալական հուլիսի 10՝ չորս տարվա երաշխիքով
12.07.2016 | 08:58

Ինչ ուզում եք ասեք, առաջնության եզրափակիչը փառահեղ ստացվեց, ու բնավ էլ կապ չունի, որ հաղթանակը ձեռք է բերված նվազագույն հաշվով, այդ միակ գոլն էլ խփվել է լրացուցիչ ժամանակում, երբ ֆուտբոլասերը սկսել էր նախապատրաստել հետխաղյա տասնմեկմետրանոցներին, որոնք, մեղքս ինչ թաքցնեմ, գոնե ինձ այնքան էլ ֆուտբոլ չեն հիշեցնում: Սա մի եզրափակիչ էր, որտեղ կողմերից մեկնումեկի հաղթանակը (դարձյալ գոնե ինձ համար) սկզբունքորեն նույն արժեքն էր ունենալու, սակայն, սկսած որոշակի պահից, ամեն ինչ փոխվեց:

ՌՈՆԱԼԴՈՒԻ ԷՖԵԿՏԸ
Ես հակված չեմ կարծելու, թե Ռոնալդուի ստացած վնասվածքը դիտավորության արդյունք էր, թեպետ նման ուժին շարքից հանելն անհամեմատ թեթևացնելու էր ֆրանսիացիների անելիքը: Ենթադրյալ անելիքը:
Ցավը կուլ տալով՝ Ռոնալդուն խաղադաշտ վերադարձավ, սակայն դա տևեց հաշված րոպեներ: Տասնինը տարեկանում Եվրոպայի չեմպիոն դառնալու չիրականացած երազանքն այս մարզիկը հույս ուներ իրականացնելու գոնե երեսունմեկում, որովհետև աշխարհամասի միջանկյալ երկու առաջնություններն էլ նրան չէին պարգևել այդ հաճույքը, ու հիմա (գուցեև իր համար աշխարհամասի վերջին առաջնությունը), երբ ինքն այդքան պետք էր հավաքականին, խոտածածկին էր խաղը շարունակել չկարողանալու ցավի դառնագին արցունքներով: Խաղավարտից հետո պարզ կդառնա, որ նա ստացել է ձախ ծնկան կողային կապանի վնասվածք, ու վերականգնվելու համար առնվազն մեկ ամիս է պետք: Եթե, ընդհանրականը բացառելով, շատ ավելի կարևորություն տանք մասնավորին, սա հարկավ մեծ կորուստ է նրա ակումբի՝ Մադրիդի «Ռեալի» համար, որն օգոստոսի 9-ին եվրոպական սուպերգավաթի հանդիպում ունի «Սևիլիայի» հետ:


Այս ցավալի միջադեպից հետո իրական Ռոնալդուն գոնե ինձ համար շատ ու շատ բաներով բացահայտվեց: Լսենք նրա հետխաղյա խոսքերից մեկը. «Ես երջանիկ եմ: Ես այս հնարավորությանը սպասում էի 2004 թվից: Կարծում եմ, որ մենք այս հաջողությանն արժանի էինք ողջ երկրով: Սա իմ կարիերայի ամենաֆանտաստիկ պահերից մեկն է: Ես միշտ ասել եմ, որ ուզում եմ իմ երկրի համար ինչ-որ բան նվաճել, ու ահա այդ պահը վրա հասավ: Ցավոք, վնասվածքի պատճառով ես խաղադաշտը շատ վաղ թողեցի, սակայն մնացի թիմի հետ ու շարունակում էի հավատալ մեր հաղթանակին»:


Ինչ խոսք, հավաքականը միայն Ռոնալդուն չէ, սակայն լիդերը նրա համար է լիդեր, որ անգամ իր անուղղակի ներկայությամբ է թևեր տալիս: Այն, որ վնասվածք ստացած Քրիշտիանուն ոգեշնչող ներկայություն է եղել հանդերձարանում, խաղավարտից հետո կիմանանք թիմի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշի խոսքերից, իսկ որ նա նույնպիսի ներկայություն էր արդեն մարզչի կողքին, ողջ լրացուցիչ ժամանակահատվածում, դրա ականատեսը եղանք անձամբ ինքներս: Տեսեք, թե ինչ է վկայում հանդիպման հաղթական գնդակը խփած Էդերը. «Ռոնալդուն ինձ ասաց, որ ես կխփեմ հաղթական գոլը: Այդ խոսքերն ինձ ուժ ու էներգիա տվեցին»:
Ոգեղենության նման պայմաններում, ի՞նչ եք կարծում, Պորտուգալիան պարտվելո՞ւ էր:
Գուցե փոքր-ինչ զգացմունքային է ստացվում խոսքս, ռոնալդուակենտրոն, սակայն դժվար է ինձ համոզել հակառակում, որ Ռոնալդուի հարկադիր հեռանալուց հետո մենք դաշտում տեսանք որակապես նոր Պորտուգալիա, որտեղ յուրաքանչյուրը պատրաստ էր խիզախելու և իր, և բացակա ընկերոջ համար:


Եվրոպայի չեմպիոն դառնալը կատակ բան չէ: Դա պահանջում է համապատասխան վերաբերմունք, համապատասխան գնահատական: Ըստ պորտուգալական «Ռեկորդ» պարբերականի, երկրի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզայի կողմից վաղապես պատրաստ էր հավաքականին շքանշաններով պարգևատրությունը: Խնդիրը վերաբերում էր դրանց ինչ աստիճանի պատկանելուն: Հաղթանակը, բնականաբար, մեկ աստիճանով բարձրացնելու էր դրանց կարգը: Եզրափակչից հետո Պորտուգալիայի ողջ ընտրանին «Ծառայության համար» երրորդ աստիճանի՝ կոմանդորների շքանշանակիր է:
Նկատենք, որ խաղադաշտը Ռոնալդուի լքելը խիստ բացասաբար անդրադարձավ Ֆրանսիայի ընտրանու մարտունակության վրա, որի համար մրցակիցը Քրիշտիանուով մի բան էր, առանց նրա՝ մեկ այլ բան: Հեշտ հաղթանակի սպասումը պտտեցրեց ֆրանսիացիների գլուխները, իսկ արդյունքը եղավ այն, ինչ եղավ:

ԱՌԱՆՑ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆԻ
Ֆրանսիայի ընտրանու խաղին մենք վերլուծականով չենք անդրադառնա, պարզապես կապավինենք հնչած կարծիքներին, որոնք անհամեմատ ավելի խոսուն են ու հոգեբանական առումով ավելի բազմաշերտ:
ԴԻԴԻԵ ԴԵՇԱՄ (Ֆրանսիայի ընտրանու գլխավոր մարզիչ)- Մենք բաց թողեցինք տանը «Եվրոն» նվաճելու բացառիկ հնարավորությունը: Հսկայական հիասթափություն եմ ապրում: Պարզապես բառեր չունեմ: Ժամանակ կպահանջվի դա հաղթահարելու համար: Մենք հաղթեցինք ու պարտվեցինք միասին: Հրաշալի կլիներ տիտղոս բերելը ֆրանսիացիներին, սակայն մենք դա չարեցինք:


ՈՒԳՈ ԼՅՈՐԻՍ (Ֆրանսիայի ընտրանու դարպասապահ և ավագ) - Վերջնահաշվում ամեն ինչ որոշեցին մանրագույն դետալները: Մենք շատ ավելի վտանգավոր պահեր ստեղծեցինք, սակայն մեզ չբավարարեց դիպուկությունը: Դա նույնպես ֆուտբոլի մասն է: Մենք պետք է շնորհավորենք Պորտուգալիային, որն ամբողջ մրցաշարի ընթացքում իրեն շատ կայուն դրսևորեց: Մեզ համար այս մրցաշարը դրական փորձ է: Բայց և այնպես մենք բոլորս շատ ենք հիասթափված, որ չկարողացանք նվաճել գավաթը: Սակայն այն, ինչ մենք այստեղ ձեռք բերեցինք, մեզ շատ կօգնի հետագա տարիներին:
ԱՆՏՈՒԱՆ ԳՐԻԶՄԱՆ (Ֆրանսիայի ընտրանու հարձակվող, «Եվրո 2016»-ի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի տիրակալ) - Սա միաժամանակ և՛ դաժան է, և՛ հիասքանչ: Միասին մենք ապրեցինք ինչպես ականավոր, այնպես էլ ամենատխուր պահերը: Մենք պիտի շարունակենք սովորել: Այսօր պայքարին մենք տվեցինք մեր բոլոր ուժերը և ոչնչի համար չպիտի ափսոսանք: Ես հպարտանում եմ թիմով, հպարտանում եմ բացարձակ բոլորով: Այժմ մենք պիտի վերադառնանք՝ լինելով ավելի ուժեղ: Հնարավոր է, որ ավելի ուշ հպարտության զգացում ունենամ իմ անձի համար, սակայն ներկայումս նման զգացում ունեմ միայն ողջ թիմի հետ կապված: Ես խոր ապրումներ ունեմ խաղընկերներիս առնչությամբ: Ես շատ էի ուզում նրանց պարգևել այդ գավաթը, սակայն այսօր չկարողացա ու այդ պատճառով շատ հիասթափված եմ:


Ընդհանուր գծերով ահա այսքանը հուլիսի 10-ին փարիզյան «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտում կայացած Եվրոպայի առաջնության եզրափակչի մասին, որտեղ հաղթեց ամբողջ մրցաշարում հիմնական ժամանակում ընդամենը միայն մեկ անգամ հաղթած թիմը ու, հաստատապես կարող ենք ասել, հաղթեց վստահորեն՝ մարգարեացնելով իր գլխավոր մարզչին. «Վաղը մենք կերտելու ենք նոր պատմություն»:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1450

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ